ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Հայերն ու թուրքերն ունեն մի խնդիր. հայերը չգիտեն թուրքերին, թուրքերը՝ հայերին»

«Հայերն ու թուրքերն ունեն մի խնդիր. հայերը չգիտեն թուրքերին, թուրքերը՝ հայերին»
12.09.2008 | 00:00

ՌՈՒՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ, ՈՐ ՁԵՌՆՏՈՒ Է ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն այս շաբաթ հայտարարեց, որ փորձում է հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ` քննարկելու տասնամյակներ ձգձգվող վեճերը:
Ա. Բաբաջանը հայտնել է, որ նման գաղափար իր մեջ ծագել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երևան կատարած այցի ընթացքում: Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն արդեն իսկ պայմանավորվել են սեպտեմբերի վերջին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հանդիպելու վերաբերյալ: Բաբաջանի վկայությամբ` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է իր առաջարկին, որ Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը մասնակցի նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր ԱՐԱ ԳՈՉՈՒՆՅԱՆԸ, ով միակ հայազգի լրագրողն էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ Հայաստան ժամանած լրագրողների խմբում, «Իրավունքը de facto»-ի հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ դրական գնահատելով երևանյան այցը, Թուրքիայի նախագահը երախտագիտությամբ է խոսել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ընդունելության մասին: «Նախագահն արդյունավետ և դրական գնահատեց այցելությունը, ավելացնելով, որ հոգեբանական պատնեշների վերացման առումով դա լուրջ խթան կհանդիսանա։ Ըստ երևույթին, երկու նախագահների մակարդակի վրա ստեղծված մթնոլորտի լավագույն փաստն այն է, որ երկու երկրների արտգործնախարարները հանդիպում են ունեցել՝ ակնկալելով նման հանդիպումների շարունակականություն։ Այսինքն՝ պարարտ հող է նախապատրաստվում հետագա քննարկումների համար»,- նշեց պարոն Գոչունյանը։
Թուրքիայի հասարակության շրջանում, ըստ «Ժամանակ» թերթի խմբագրի, նախագահ Գյուլի այցելությունը Հայաստան ունեցավ շատ դրական արձագանքներ։ «Թուրքիայի նախագահը վերադարձին ասաց, որ եթե երկու երկրների միջև ստեղծված այս դրական մթնոլորտը շարունակվի, մնացած հարցերը, ներառյալ սահմանի բացումը, ինքնաբերաբար կլուծվեն։ Թուրքիայի հասարակական կարծիքի որոշ փոփոխության ազդանշաններ են նկատվում. սոցիոլոգիական հարցախույզներն արդեն վկայում են, որ հասարակության մեծամասնությունը պաշտպանում է Գյուլի քայլը»,- տեղեկացրեց Արա Գոչունյանը։
Հայտնի է, որ Թուրքիան ցանկանում է ստեղծել կովկասյան անվտանգության և համագործակցության պլատֆորմ։ Ի՞նչ նպատակ ունի այդ նոր կառույցի ծևավորումը։ Ըստ պարոն Գոչունյանի, նկատի ունենալով, որ տարածաշրջանում նոր իրադրություն է ստեղծվել, Թուրքիան իր միջազգային հեղինակությամբ ուզում է դրական նպաստ բերել առկա մթնոլորտի հաղթահարման տեսանկյունից, և այդ պատճառով փորձում է տարածաշրջանի երկրները մի հարթակի վրա համախմբել։
Ի դեպ, նախարար Էդվարդ Նալբանդյանն այս շաբաթ տեղեկացրեց, որ Կովկասում կայունության և համագործակցության միություն ստեղծելու մասին Հայաստանը թուրքական կողմից արդեն ստացել է գրավոր փաստաթուղթ՝ նախնական քննարկման համար։ Գաղափարի հիմքում վստահության հաստատման, նաև անվտանգության կայունության և տարածաշրջանում համագործակցության հաստատման հարցերն են։ Հայաստանն այդ գաղափարին դրական մոտեցում է ցուցաբերել։ Այդ միության ձևաչափը, ձևավորման մեխանիզմը, ըստ ՀՀ արտգործնախարարի, քննարկման առարկա պետք է դառնան։
Նախագահներ Սարգսյանի հրավերին ու Գյուլի այցելությանը հոգեբանական կարծրատիպերը կոտրելու տեսանկյունից մեծ նշանակություն է տալիս նաև թուրքագետ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԸ։ «Հայերն ու թուրքերն ունեն մի խնդիր. հայերը չգիտեն թուրքերին, թուրքերը՝ հայերին։ Այսինքն՝ 1915 թվականից հետո ժամանակը կանգ էր առել երկու ժողովուրդների համար էլ, և այս այցը թույլ տվեց, որ ավելի քան 100 լրագրող գա մեր երկիր և Թուրքիային ցույց տա, թե իրական Հայաստանը որն է։ Նրանք զարմանում էին, որ մենք ունենք ավտոմեքենաներ, զարմանում էին ինտերնետի արագության վրա։ Նրանք պատկերացնում էին, որ մենք իրենց Կարսի կամ Իգդիրի կենսամակարդակն ունեցող, հազիվ գոյատևող մի պետություն ենք։ Թուրքերն իրոք հասկացան, որ կայացած երկիր ենք ու արժանի՝ երկխոսության։ Այս օրերին և՛ թուրքերն էին մաղթում հայերին, և՛ հայերը՝ թուրքերին, որ հաղթի բարեկամությունը։ Կարծում եմ՝ այս հանդիպումը մեկ քայլ առաջ էր դեպի բարեկամություն»,- նշում է թուրքագետը։
Անդրադառնալով Կովկասում կայունության և համագործակցության միություն ստեղծելու գաղափարին՝ Ա. Շաքարյանը նկատեց, որ Միացյալ Նահանգները մշտապես կողմ է եղել հայ-թուրքական ջերմ հարաբերություններին, իսկ Ռուսաստանը հանդես է եկել խոչընդոտողի դերում։ Վրաստանի դեպքերի հետ կապված՝ Ռուսաստանին ձեռնտու է Վրաստանին մեկուսացնել, այսպիսով՝ հայ-թուրքական բաց սահմանը Ռուսաստանի շահերի համատեքստում է։ «Ռուսաստանի միջամտությամբ Թուրքիան, տարածաշրջանում հանդես գալով որպես առաջնորդ, առաջարկեց ստեղծել անվտանգության կովկասյան պլատֆորմ, որտեղ Թուրքիան շահագրգռված է սիրաշահելու Հայաստանին, որպեսզի Հայաստանը մտնի այդ միության մեջ, որովհետև առանց Հայաստանի հարավկովկասյան լիարժեք միություն գոյություն ունենալ չի կարող։ Այդ առումով Գյուլի այցը հիմնականում միտված էր ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների իրական բարելավմանը, այլ նորաստեղծ միությունում մեր երկրի մասնակցությունն ապահովելուն։ Հայտնի է, որ հիմնականում Իրանն է դեմ արտահայտվել այդ գաղափարին, որովհետև դա Թուրքիայի առաջարկն է։ Իրանը նույնպես ժամանակին նման գաղափարով հանդես է եկել, որին դեմ էր արտահայտվել Թուրքիան։ Այնպես որ Թուրքիան և Իրանը մրցակցում են տարածաշրջանում առաջնորդ լինելու հարցում, և, բնականաբար, Իրանը չի մասնակցի Թուրքիայի առաջարկած խաղին։ Հիշենք նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանը հենց Մոսկվայում հայտարարեց Գյուլի հրավերի մասին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հայ-թուրքական այս փոքր-ինչ ջերմացումն ավելի շատ ռուսական սցենարն է, որը, այդուհանդերձ, ձեռնտու է ամերիկացիներին»,- գնահատում է Ա. Շաքարյանը։
Նա շատ կարևոր է համարում Թուրքիայի՝ Եվրամիությանն ինտեգրացումը, քանի որ եթե Թուրքիան իր ապագան չկապի ԵՄ-ի հետ, ապա դա կհանգեցնի այն բանին, որ նրա հայացքը կուղղվի դեպի Արևելք, ինչը մեծ խնդիրներ կառաջացնի մեզ համար։ ՈՒստի՝ ամենայն հաջողություններ մաղթենք Թուրքիային իր եվրոպական քաղաքականության մեջ, քանի որ ինչքան այն եվրոպական դիմագիծ ստանա, այնքան ավելի կանխատեսելի, կառավարելի, վերահսկելի երկիր կդառնա, ինչը Հայաստանի Հանրապետությանն ավելի ձեռնտու է։
«Եթե Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան մտնեն միության մեջ, ապա կարելի է վստահ ասել, որ Թուրքիան ավելի շատ Ադրբեջանի շահերը կպաշտպանի, քան Հայաստանի։ Սակայն այժմ աննախադեպ երևույթ է, երբ տարածաշրջանային իրավիճակից օգտվում են ոչ թե վրացիները, այլ հայերը։ Հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ է նման իրավիճակ ստեղծվել, և եթե Վրաստանը շարունակի տուժել, գուցե հույս կա, որ Ռուսաստանի ճնշմամբ Թուրքիան և Ադրբեջանը գնան զիջումների, և ինչ-ինչ ուղիներ անցնեն Հայաստանով՝ շրջանցելով Վրաստանը»,- եզրափակում է Ա. Շաքարյանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4995

Մեկնաբանություններ